Քրեական գործով անցնող Մերձավանի գյուղապետի որդին Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն է
Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Արմավիրի մարզի Փարաքար համայնքն է:
Փարաքարում համայնքապետի թեկնածուի համար պայքարում է երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը: «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը՝ Վալոդյա Գրիգորյանը, որը Մերձավան համայնքի ներկայիս ղեկավար Լևոն Գրիգորյանի որդին է: Իսկ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը գլխավորում է Փարաքար համայնքի ներկայիս ղեկավար Դավիթ Մինասյանը:
Ինչպես արդեն նշեցինք, «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն Մերձավան համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանի որդին է: Վերջինս հայրը՝ Լևոն Գրիգորյանը, անցնում է համայնքում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մերձավան համայնքի ղեկավարը, անշարժ գույքի նկատմամբ առանց պետական գրանցման շրջանակներում, նույն համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, որոնց մեջ եղել են նաեւ անչափահասներ, տրամադրել է կեղծ քաղվածքներ այն մասին, թե իբր հողերի սեփականաշնորհման ժամանակ Մերձավանի տարածքում անհատույց ստացել են հողամասեր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասերով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ վերոնշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Ապրելու երկիր» կուսակցությունով առաջադրված թեկնածու Վալոդյա Գրիգորյանի անունն էլ կապվում է մի շարք քրեական հեղինակությունների հետ, որոնք էլ, նույն շրջանառվող տեղեկությունների համաձայն, իրենց ունեցած միջոցները գործադրում են՝ Փարաքարում Ռուբեն Վարդանյանի թեկնածուի հաղթանակն ապահովելու համար:
Հայկական ժամանակ
Կարծիքներ