Դավիթ Մինասյանը երդմնակալությամբ ստանձնել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները

Դավիթ Մինասյանը երդմնակալությամբ ստանձնել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները

Այսօր՝ հունվարի 12-ին, տեղի է ունեցել Փարաքարի ավագանու նիստը, որի ժամանակ Դավիթ Մինասյանը երդմնակալությամբ ստանձնել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Դավիթ Մինասյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Այսպիսով, երդմնակալության արարողությամբ ստանձնեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները՝ պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։

Իմ խորհին շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր քաղաքական թիմին, և իհարկե մեր գործընկերներին՝ ՔՊԿ խմբակցության ավագանու անդամներին, ի դեմս Լյուդվիգ Գյուլնազարյանի, իրենց աջակցության և վստահության համար:

Եվ ուրեմն՝ միասին շարունակում ենք համաչափ զարգացնել և շենացնել մեր բոլորիս Փարաքար համայքը: Ի գործ»:

Կայացած ավագանու նիստին մասնակցել է նաև  ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցությունն ստացել է ավագանու 10 մանդատ, 6-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը և 5 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը:

Նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին Փարաքարում ավագանու առաջին նիստ արդեն տեղի էր ունեցել, սակայն ավագանու անդամներն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։ Բանն այն է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն իր 10 ներկայացուցիչներով, առանց մյուս քաղաքական ուժերի, նիստ էր արել և ընտրել համայնքապետ։ «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ առանձին մեկ այլ նիստ էր արել և 11 ձայնով համայնքապետ ընտրել Դավիթ Մինասյանին։

Կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել։ Հաջորդ օրը Վալոդյա Գրիգորյանը գնացել էր համայնքապետարան՝ որպես «ընտրված» համայնքապետ, սակայն ոստիկանությունը նրան թույլ չէր տվել մտնել շենք։ «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայցադիմում էին ներկայացրել՝ Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանը դեկտեմբերի 30-ին բավարարել էր նրանց հայցը:

Միայն  2022 թվականի հունվարի 9-ին Փարաքարում վերջապես համայնքի ղեկավար ընտրվեց: Հրավիրված ավագանու նիստի ժամանակ «Դավիթ Մինասյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները միասին առաջադրեցին Դավիթ Մինասյանի թեկնածությունը համայնքապետի պաշտոնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում