Մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա. Ալեն Սիմոնյան

Մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 31-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով գործընկերներին, նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը:

Կողմերը փաստել են, որ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ և համագործակցության բազմակողմ օրակարգ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված էթնիկ զտմանը՝ ԱԺ նախագահը չեխ գործընկերներին է ներկայացրել առկա խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:

«Տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է. մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Ադրբեջանի վարած քաղաքականությունը, սակայն, պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում այս գործընթացը տանում է փակուղի»,- նշել է ԱԺ նախագահն ու հավելել. «Այս առումով ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելությունն անվտանգային հարթության վրա Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Արժևորում ենք Չեխիայի ներդրումն այս հարցում»:

Մարկետա Պեկարովա Ադամովան բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում և վստահություն հայտնել, որ Չեխիան կփորձի նպաստել խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորմանը:

Կողմերը քննարկել են հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Խորհրդարանների ղեկավարները կարևորել են ժողովրդավարական արժեքներին միտված օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը և Մարկետա Պեկարովա Ադամովան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում