Նախորդ տարի առաջին անգամ Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն

Նախորդ տարի առաջին անգամ Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ողջույնի խոսքով հանդես է եկել «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը:

Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, ողջունելով մասնակիցներին` Հակոբ Արշակյանը խոսել է ՏՏ ոլորտի վերջին զարգացումներից: Նրա խոսքով՝ 2022 թվականին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն: Ոլորտի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է 40 հազարը:

Անդրադառնալով «Էնթերփրայզ Արմենիայի» գործունեությանը` ԱԺ փոխնախագահը կարեւորել է կառույցի օժանդակությունը մեր երկրում ներդրումների աջակցման եւ նման ընկերությունների ներգրավման հարցերում:

«Մենք ողջունում ենք միջազգային ընկերությունների մուտքը Հայաստան, ինչը նպաստում է հայկական նմանատիպ ընկերությունների ստեղծմանը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Բանախոսն անդրադարձել է գիտությանն ուղղված ֆինանսավորման աճին` նշելով, որ այն  կազմում է 30 մլրդ դրամից ավելի: «Սա նշանակում է, որ գիտությամբ զբաղվող, ստեղծարար մարդն առաջնահերթ տեղ ունի Հայաստանի զարգացման համար»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Փոփոխվող եւ զարգացող աշխարհաքաղաքական միջավայրում մարտահրավերները հաղթահարելու համար ԱԺ փոխնախագահը հորդորել է մեկտեղել ուժերը` պատրաստելու բարձրակարգ մասնագետներ:

Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Օհանեսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Նրանք անդրադարձել են ոլորտի խնդիրներին եւ նախանշել դրանց լուծման ուղիները:

Ոլորտի զարգացման տեսանկյունից կարեւորվել է գործարար հատվածի եւ պետական մարմինների արդյունավետ համագործակցությունը: Ընդգծվել է բնագավառում նոր մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, կարեւորվել են ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության պայմանների բարելավմանն ուղղված բարեփոխումները:

Այնուհետեւ պանելային քննարկումների ձեւաչափով անդրադարձ է կատարվել ոլորտում մեր երկրի աշխատուժի հարցին, որոշ մասնագիտությունների գծով կրթության որակի, ինչպես նաեւ՝ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգերի ներդրման հիմնախնդիրներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում