Վստահ եմ, որ համագործակցությունը ՀՀ-ի և Ավստրալիայի միջև հետագայում ևս կզարգանա. Նիկոլ Փաշինյանը՝ Ավստրալիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ, Ավստրալիայի կառավարությանը և ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ:
Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև 30 տարի առաջ հաստատված միջպետական բարեկամական հարաբերություններն անցած տարիների ընթացքում ունեցել են հաստատուն ընթացք, ակտիվացել են երկկողմ փոխանակումները, ընդլայնվել է համագործակցությունը միջազգային ասպարեզում:
Հայ-ավստրալական կապերի ամրապնդման գործում իրենց ներդրումն են ունեցել նաև Ավստրալիայի հայերը, որոնք յուրահատուկ մշակութային կամուրջ են հանդիսանում հայ-ավստրալիական միջմարդկային փոխանակումներում:
Վստահ եմ, որ համագործակցությունը Հայաստանի և Ավստրալիայի միջև հետագայում ևս կզարգանա և կընդլայնվի՝ ի շահ մեր ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
Կարծիքներ