Միջազգային կառույցներից ակնկալում եմ հնարավորինս ակտիվ ու գործնական ջանքեր. Սյունիքի մարզպետը՝ ԵՄ ներկայացուցչին

Միջազգային կառույցներից ակնկալում եմ հնարավորինս ակտիվ ու գործնական ջանքեր. Սյունիքի մարզպետը՝ ԵՄ ներկայացուցչին

Այսօր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
 

Սյունիք նրա այցի ու մարզպետի հետ հանդիպման նպատակն էր տեղում ու փաստացի հասկանալ, թե պատերազմից հետո ինչ իրավիճակ է Սյունիքում և ինչպես են մարզային իշխանություններն ու բնակիչները գնահատում այն։ Հանդիպմանը ներկա էին նաև քաղաքականության գծով նրա խորհրդականներն ու մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը։
 

Պարոն Կլաարը մի շարք հարցեր է ուղղել մարզպետին․ նրան մասնավորապես հետաքրքրում էին բնակչության ընդհանուր տրամադրությունը, սահմանների նոր տեղորոշումից հետո այն խնդիրները, որոնց բախվում են մարզի բնակիչները, գյուղատնտեսական աշխատանքներում ստեղծված խոչընդոտները, անվտանգային հարցերը, մարզի տնտեսության վրա հնարավոր հետագա ազդեցությունները և այլն։ Նա հետաքրքրվել է նաև ճանապարհների հնարավոր ապաշրջափակման մասին տեղեկությունների հանդեպ մարզի բնակիչների վերաբերմունքով։
 

Մարզպետը նշել է, որ ներկայումս մարզում առաջնայինը մարդկանց անվտանգության ապահովումն է ու կարևորել է երկու կողմերի՝ մասնավորապես հակառակ կողմի զինվորների ու մեր խաղաղ բնակչության միջև չեզոք գոտու սահմանումը, որն այժմ չկա, և դա էլ լուրջ բարոյահոգեբանական ազդեցություն է ունենում քաղաքացիների վրա։
 

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր ևս ու շնորհակալություն հայտնել միմյանց հանդիպման համար։

Մելիքսեթ Պողոսյանը նշել է, որ միջազգային կառույցներից ակնկալում է հնարավորինս ակտիվ ու գործնական ջանքեր՝ առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ հանգիստ ապրեն ու աշխատեն իրենց հողում: ԵՄ հատուկ ներկայացուցիչն էլ պատասխանել է, որ ամեն ինչ կանեն կոնֆլիկտները կանխելու ու ստեղծված իրավիճակում ՀՀ-ին օգնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում