Ռաիսին կոչ է արել Ֆրանսիային միջուկային ծրագրի հարցով արդյունավետ բանակցություններ վարել

Ռաիսին կոչ է արել Ֆրանսիային միջուկային ծրագրի հարցով արդյունավետ բանակցություններ վարել

Ֆրանսիայի և Իրանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Իրանի միջուկային ծրագրի վերականգնման համապարփակ պլանին, որը քննարկվում է «հնգյակի» և ԵՄ-ի հետ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։

Մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցերը և Covid-19-ի դեմ համատեղ պայքարը։

Էբրահիմ Ռաիսին ևս մեկ անգամ հայտարարել է Իրանի պարտավորությունները կատարելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ն ևս բազմիցս խոսել է Իրանի պատրաստակամության մասին։

Նա շեշտադրել է, որ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները խախտում են պարտականությունները ու հավելել է, որ Վիեննայում  բանակցությունների ընթացքում Իրանի բանակցային թիմը ձգտելու է պատժամիջոցների չեղարկմանը։

Իրանի կառավարության ղեկավարը Ֆրանսիային կոչ է արել պատժամիջոցների չեղարկմանն ուղղված արդյունավետ բանակցություններ տանել։

Ռաիսին ներկայիս իրավիճակը համարել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից միջուկային գործարքում պարտավորությունները չկատարելու հետևանք։

Նա նշել է, որ Իրանը լիովին պատրաստ է համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ։

Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահին ասել է, որ Ֆրանսիան միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադարձի կողմնակիցն է։

Նա նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է շարունակել բանակցությունները հարցի հանգուցալուծման համար։

Իրանի միջուկային ծրագրի  համապարփակ պլանի վերականգնման հարցով բանակցությունների  յոթերորդ փուլը մեկնարկել է նոյեմբերի 29-ին Վիեննայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում