Երկու անձի մեղադրանք է ներկայացվել պարեկներին կաշառք առաջարկելու համար. նախաքննությունն ավարտվել է

Երկու անձի մեղադրանք է ներկայացվել պարեկներին կաշառք առաջարկելու համար. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վարորդներ Կ. Մ.-ն և Ա. Ն.-ն իրենց կողմից թույլ տրված վարչական իրավախախտումներին ընթացք չտալու համար կաշառք են առաջարկել ՀՀ ոստիկանության պարեկներին: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Պարզվել է, որ վերջիններս ծառայություն իրականացնելու ժամանակ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին կագնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան` նրա կողմից վարչական իրավախախտում թույլ տալու, այն է` անթույլատրելի տեղում վազանց կատարելու պատճառով:

Պարեկային ծառայության աշխատակիցները Կ. Մ.-ին պարզաբանել են տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պատճառը և վերջինից պահանջել համապատասխան փաստաթղթերը` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար: Այդ ընթացքում Կ. Մ.-ն մի քանի անգամ առաջարկել է կազմել տուգանքի ավելի փոքր չափ նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն, սակայն պարեկային ծառայողների կողմից մերժում ստանալուց հետո գրպանից հանել է 15.000 ՀՀ դրամ և փորձել որպես կաշառք տալ նրանց: Նույն պահին ոստիկանության աշխատակիցները Կ. Մ.-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին:

Կ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ տրանսպորտային միջոցը առանց հաշվառման համարանիշի վարող Ա. Ն.-ն չի ենթարկվել ավտոմեքենան կանգնեցնելու պարեկների հրահանգին և դիմել է փախուստի: Պարեկները, սակայն, կանգնեցրել են ավտոմեքենան, այն տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, որտեղ կատարվել է վարորդ Ա. Ն.-ի սթափության զննում: Արդյունքում պարզվել է, որ վերջինս գտնվել է ոչ սթափ վիճակում: Պարեկների կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ տրանսպորտային միջոցն առանց հաշվառման համարանիշների և ոչ սթափ վիճակում վարելու համար:

Վերոնշյալ արձանագրությունները կազմելու ժամանակ Ա. Ն.-ն մոտեցել է պարեկներից մեկին և ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածքից հանելու դիմաց առաջարկել ռեստորանում հյուրասիրել, սակայն մերժում է ստացել, որից հետո առաջարկել է 16.000 ՀՀ դրամ կաշառք: Կաշառք առաջարկելու կասկածանքով Ա. Ն.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Ա. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ներկայացված մեղադրանքում Ա. Ն.-ն իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: 

Քրեական վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավոպրությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում