ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածի առնչությամբ
Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարձակման առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Ռուսաստանի խնդրանքով տեղի կունենա ապրիլի 2-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Հետևելով իրանցիների նամակին`մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ խնդրեցինք: Մալթայի նախագահությունն այն նշանակել է ապրիլի 2-ին՝ Նյու Յորքի ժամանակով 15:00-ին», - գրել է նա իր Telegram ալիքում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին ու հինգ սպաներ:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը նամակ է հասցեագրել կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին՝ նշելով, որ այդ հարձակումները «ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և դիվանագիտական ու հյուպատոսական շինությունների անձեռնմխելիության հիմնարար սկզբունքի կոպտագույն խախտում են»։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի հյուպատոսությանը հարվածն «անպատասխան չի մնա»։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հարվածը որակել է որպես «միջազգային պարտավորությունների և կոնվենցիաների խախտում»։
Իսրայելի գործողությունները դատապարտել են նաև մի շարք երկրներ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, Իրաքը, Կատարը, Օմանը, Կուբան, Պակիստանը։
Կարծիքներ