Ընդդիմությունը փորձում է վիրտուալ տպավորություն ստեղծել, թե իբր ամբողջ քաղաքը պարալիզացված է, երթևեկությունը՝ կանգնած
Առավոտյան Երևանի մի շարք փողոցների արգելափակումը տևեց մոտ մեկ-մեկուկես ժամ։ Ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ճանապարհների երթևեկությունը հաջողությամբ վերականգնվեց։ Այժմ մայրաքաղաք Երևանը հիմնականում ազատ երթևեկելի է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.
«Սա իրական պատկերն է։ Իսկ ի՞նչ ենք տեսնում ընդդիմության լրատվամիջոցների և սոցցանցերի պարունակությունից։
Ընդդիմությունը փորձում է վիրտուալ տպավորություն ստեղծել, թե իբր ամբողջ քաղաքը պարալիզացված է, երթևեկությունը կանգնած, և մայրաքաղաքի բոլոր բնակիչները հիմա միացել են ընդդիմության ակցիաներին։
Այս ամենի վառ ապացույցն է նաև երեկ Հայաստան դաշինքի տարածած այն կեղծ լուրը, թե իբր ԵՊՀ ուսանողների 85%-ը միացել է դասադուլին, իսկ իրականում բոլոր բուհերում դասապրոցեսն ընթացել է բնականոն հունով։ Իսկ այսօր ընդդիմության փոքրաթիվ ակցիաներին մասնակցում են ընդամենը մի քանի տասնյակ քաղաքացիներ։
Հատկանշական է, որ ընդդիմությունն իր այս անհեռատես հռետորաբանությամբ մեծ ական է դնում ինքն իր տակ՝ իր հետևորդների համար ձևավորելով անիրատեսական սպասումներ»:
Կարծիքներ