«Ընտրությունները ժողովրդավարական չափանիշների համաձայն չեն անցել»․ Գերմանիան՝ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների մասին
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին, գրում է lenta.ru կայքը։
«Ընտրական օրենսդրության համակարգային խախտումների վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրությունները կարելի է արժանահավատ համարել»,- նշել է նա և ընդգծել, որ այդ հարցերը քննարկվելու են Եվրոպական միության մակարդակով․ ըստ պաշտոնյայի՝ ԵՄ-ն պետք է այս հարցի շուրջ միասնական դիրքորոշմամբ հանդես գա։
Զայբերթը նաև առաձնահատուկ նշել է, որ ժողովրդական ցույցերը դաժանորեն ճնշելն անընդունելի է․ նրա խոսքով՝ մարդու իրանունքների պահպանումը բելառուսական կառավարության կարևոր առաջնահերություններից պետք է լինի։
Ավելի վաղ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող ցույցերը Արևմուտքն է հրահրում։
Նշենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ, ինչի մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան:
«Չարտոնագրված զանգվածային միջոցառումներին մասնակցության համար ամբողջ երկրի տարածքում ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ, որից մոտ հազարը՝ մայրաքաղաք Մինսկում, իսկ երկու հազարը՝ հանրապետության այլ շրջաններում»,-ասել է Չեմոդանովան:
Նա մանրամասնել է, որ բողոքի ակցիաներն անցկացվել են լույս օգոստոսի 10-ի գիշերը՝ երկրի 33 բնակավայրում: Ըստ մամուլի խոսնակի՝ իրավախախտների նկատմամբ մարտական զենք չի կիրառվել, զոհեր չկան:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները. գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%: Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35, իսկ Սվետլանա Տիխանովսկայան՝ 8%-ը:
Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են ձայների հաշվարկի ժամանակ կոպիտ խախտումների մասին: Նրանք կոչ են արել իրենց կողմնակիցներին, բացի ընտրատեղամասերից, հավաքվել նաև Մինսկի Հաղթանակի հրապարակում:
Միևնույն ժամանակ, դեռևս ընտրատեղամասերի փակվելուց առաջ իրավապահները սկսել էին հավաքվել հրապարակում, որը գտնվում է նախագահի նստավայրից ոչ հեռու: Որոշ ժամանակ անց ոստիկանները սկսել են ձերբակալել չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցներին: Իրավապահները հրապարակում լուսաձայնային նռնակներ են օգտագործել: Ի պատասխան դրան` ընդդիմությունը սկսել է հրավառ նյութեր նետել ոստիկանների ուղղությամբ:
Բազմաթիվ ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Վիտեբսկում, Բրեստում և Գրոդնոյում:
Կարծիքներ