«Մենք չգիտենք գերիների իրական թիվը». ՀՀ ՄԻՊ
Կարծեք թե՝ փորձում ենք մեր մեջ միասնական բազա ձևավորել, բայց գերիների իրական թիվն իմանալու համար ճիշտ է դիմել պատկան մարմիններին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Թաթոյանի խոսքով՝ հայ գերիների վերադարձի հետ կապված անում են ամեն ինչ՝ իրենց իրավասությունների շրջանակում, նույնիսկ՝ ավելին. «Խոսքը չի վերաբերում միայն այս պատերազմի ընթացքում կամ դրանից հետո գերեվարված մեր հայրենակիցներին, այլև դրանից առաջ։ Ադրբեջանում մշտապես եղել է այս քաղաքականությունը, օրինակ՝ Ներքին Խնձորեսկից այս ամռանը դեպք եղավ, Տավուշի մարզից Կարեն Ղազարյանը, հիմա նրանք այս ամենը տանում ու դարձնում են իրենց կողմից առևտրի առարկա։ Սա դատապարտելի երևույթ է, ՄԻԵԴ-ում միջանկյալ միջոցներ կիրառվել են, բայց, բնականաբար, դա բավարար չէ և անհրաժեշտ է լիարժեք ծավալով աշխատանքներ տանել»:
Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձանց վերաբերյալ Արման Թաթոյանը նշեց, որ իր աշխատակազմում ընդունել է այդ անձանց ընտանիքի անդամներից և տեղյակ է, որ Եվրոպական դատարում ՀՀ ներկայացուցիչն այդ հարցը նույնպես քննարկում է։
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Ադրբեջանը իր տարած հաղթանակին նվիրված շքերթ կանցկացնի, որի ժամանակ կներկայացնի նաև հայ գերիներին, Արման Թաթոյանը նկատեց, որ տեղյակ չէ՝ տեղեկատվությունը կե՞ղծ է, թե՞ ոչ, բայց պետք է անհապաղ պարզել. այն մարդկային որևէ արարքի մեջ չտեղավորվող երևույթ է։
Կարծիքներ