Խոշտանգվե՞լ են, թե՝ ոչ. Սաակաշվիլիի բողոքի հիման վրա հետաքննություն է ընթանում
![Խոշտանգվե՞լ են, թե՝ ոչ. Սաակաշվիլիի բողոքի հիման վրա հետաքննություն է ընթանում](https://freenews.am/uploads/images/image_750x_61bb08f1c641e.jpg)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հնարավոր անմարդկային վերաբերմունքի հետաքննության շրջանակներում պետական տեսուչը Սաակաշվիլիին կրկին հարցաքննել է Գորիի զինվորական հոսպիտալում:
«Անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք» հոդվածով քրեական գործը հարուցվել է մեղադրյալի փաստաբանների հայտարարություններից հետո, թե նախկին նախագահը Ռուսթավիի թիվ 12 բանտից Թբիլիսիի բանտային հիվանդանոց տեղափոխվելիս ծեծի է ենթարկվել և նվաստացել։
Գործով քննիչ Գիորգի Միքելաձեի հայտարարությամբ նախկին նախագահը բողոքի հիման վրա արդեն հարցաքննվել է։Նրա խոսքով՝ արդեն հարցաքննվել են նաև բոլոր վկաները, այդ թվում՝ ուժայինների ներկայացուցիչներն ու բժիշկները։
«Մեզ հետաքրքրում է այն տեղեկատվությունը, որը հնչել է առաջին հարցման ժամանակ,ապա՝ դատավարության ընթացքում, և հայտնվել լրատվամիջոցներում»,- ասել է Միքելաձեն:
Արդարադատության նախարարությունն ունի իր վարկածն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, երբ Սաակաշվիլիին տեղափոխել են բանտային կլինիկա։
Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը Սաակաշվիլիին մեղադրում է «բռնության» և «ուրիշի գույքին վնաս պատճառելու» մեջ։ Հետաքննության տվյալներով՝ Սաակաշվիլին բանտային հիվանդանոց տեղափոխվելիս վիրավորել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին և կոտրել բժշկական սարքավորումները։
Այս պահին Սաակաշվիլին արդեն Գորիի հիվանդանոցում է, որտեղ 50-օրյա հացադուլից հետո վերականգնողական կուրս է անցնում։ Բուժումն ավարտելուց հետո նա հետ կտեղափոխվի Ռուսթավիի բանտ, որտեղ երկու քրեական գործերով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Նախկին նախագահի դեմ ևս երեք գործ է քննվում Թբիլիսիում:
Կարծիքներ