ԱԺ պատգամավորը հայտարարում է՝ Ինտերպոլը մերժել է հետախուզում իրականացնել Գևորգ Կոստանյանի նկատմամբ

ԱԺ պատգամավորը հայտարարում է՝ Ինտերպոլը մերժել է հետախուզում իրականացնել Գևորգ Կոստանյանի նկատմամբ

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության փաստաթղթերը, ըստ որոնց, այդ կառույցը մերժել է հետախուզում իրականացնել նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գևորգ Կոստանյանի նկատմամբ: Թովմասյանը փաստաթղթերը հրապարակեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը փաստաթուղթ է ուղղել Հայաստանի Ինտերպոլի ազգային բյուրոյին, որում ասված է. «Խնդրում ենք հաշվի առնել, որ իրավաբանական փորձաքննությունից հետո Գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ հետախուզվող անձի մասին ծանուցումը չի համապատասխանում Ինտերպոլի կանոնադրության երրորդ հոդվածին»: Երրորդ հոդվածն ասում է. «Կազմակերպությանը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասսայական բնույթի որևէ միջամտություն»: Այսինքն՝ Կոստանյանի գործը համարվել է քաղաքական, և այդ անձի վերաբերյալ տեղեկությունը հանվել է ինտերպոլի տվյալների բազայից»,- ասաց Թովմասյանը:

Թագուհի Թովմասյանն ընդգծեց՝ պարզվում է, որ դեռ 2020թ. ապրիլի 10-ին մերժել է ՀՀ իրավապահներին՝ հետախուզել Գևորգ Կոստանյանին, այն հիմնավորմամբ, որ տվյալ դեպքը քաղաքական է:

Գևորգ Կոստանյանը 2006 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2008 թ. հուլիսի 2-ը: 2008 թ. հուլիսին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ 2011 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

2019թ. նոյեմբերի 28-ին ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Գևորգ Կոստանյանը դեռ 2019թ. սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ: Նա այդ ժամանակ հայտնել էր, որ արտերկրում է և կվերադառնա օրեր անց:

«Արմենպրես»-ը կփորձի Հայաստանի Ինտերպոլի ազգային բյուրոյից պարզաբանում ստանալ պատգամավորի հայտարարության առնչությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում