Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի արեւելքում արդյունահանվող գրեթե ամբողջ նավթը թալանվում է
Սիրիայի արեւելքում արդյունահանվող գրեթե ամբողջ նավթը թալանում են: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի նավթի եւ հանքային ռեսուրսների նախարար Բասամ Թուոմանը` ելույթ ունենալով հանրապետության ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անցյալ տարի Սիրիայում նավթի արդյունահանումն օրական 89 հազար բարելի էր հասնում: Դրանից շուրջ 80 հազար բարել թալանվել է: Այսինքն ՝ երկրի արեւելքում արդյունահանվող գրեթե ամբողջ նավթը թալանվում է»,- նախարարին մեջբերում է սիրիական Al-Watan թերթը:
Սիրիայի Հասեքե, Դեյր-էլ-Զոր եւ Ռաքքա նահանգների մեծ մասը, որոնք տեղակայված են երկրի արեւելքում եւ հյուսիս-արեւելքում, ներկայումս վերահսկվում են Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժերի կողմից, որոնց աջակցում է ԱՄՆ-ն: 2015 թվականից ի վեր ամերիկյան հրամանատարությունը տարածքում ինը ռազմաբազա է հիմնել: Դրանցից չորսը տեղակայված են Դեյր-էլ-Զորի նավթահանքերի մոտ, եւս 5-ը` հարեւան Հասեքե նահանգում, որը Սիրիայի պահեստարանն է համարվում:
2019-ի վերջին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մի պլան հաստատեց, որի համաձայն մի քանի հարյուր ամերիկացի զինծառայող կմնա Սիրիայում, որոնց հիմնական խնդիրներից մեկը կլինի նավթի հանքերի վերահսկողության ապահովումը երկրի հյուսիս-արեւելքում եւ արեւելքում: Մինչդեռ Դամասկոսում ԱՄՆ ռազմական ներկայությունը որպես ապօրինի օկուպացիա է դիտվում, որն ուղեկցվում է սիրիացի ժողովրդին պատկանող բնական ռեսուրսների թալանով:
Կարծիքներ