Երևանում անցկացվել են հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

Երևանում անցկացվել են հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

2022 թ. փետրվարի 10-ին Երևանում անցկացվել են տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակը:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օ.Վ. Խրամովի ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված են եղել  ՌԴ ԱԽ աշխատակազմի, ԱԳ նախարարության, Պաշտպանության նախարարության, Թվայնացման նախարարության, Արդարադատության նախարարության, Պահպանության դաշնային ծառայության, Գլխավոր դատախազության ներկայացուցիչները: ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱԽ գրասենյակի, Արտաքին գործերի, Պաշտպանության, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ ներկայացուցիչները:

Խորհրդակցությունների ընթացքում տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարթակներում, ինչպես նաև երկկողմ ձևաչափում տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ հայ-ռուսական համագործակցության բոլոր ուղղությունների վերաբերյալ:  

Անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի շրջանակներում հիմնադրված ՏՀՏ կիրառման հարցերով պատասխանատու Բաց կազմով 2021-2025թթ աշխատանքային խմբի առաջին բովանդակային քննարկման արդյունքներին: Ընդգծվել է տեղեկատվական հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդման արդիականությունը:

Վերահաստատվել է ԱՊՀ, ՀԱՊԿ, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ ջանքերի ընդլայնման կարևորությունը:

Բանակցությունների արդյունքների հիման վրա փորձագիտական մակարդակով համաձայնեցվել է տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագրի նախագիծ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում