Իշխանությունը 60 տոկոսի հույս ունի

Իշխանությունը  60 տոկոսի հույս ունի

Մերձիշխանական մեր աղբյուրները պնդում են, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանությունն ակնկալում է լուրջ թվով ձայներ ստանալ եւ առանց արբանյակ կուսակցությունների հետ միանալու՝ կառավարություն ձեւավորել:

Ըստ իշխանական գերիշխող կարծիքի` լավ աշխատելու դեպքում հնարավոր կլինի հավաքել ձայների 60%-ից ավելին։ Մեր զարմանքին, թե ինչպես են պատկերացնում նման արդյունք, մեր աղբյուրը նշեց, որ ամենշաբաթյա ռեժիմով հանրային կարծիքի ուսումնասիրություններ են անցկացվում, ու, ըստ իրենց, Փաշինյանի վարկանիշը մարտ ամսից սկսել է աճել եւ մինչեւ ընտրության օրը անխուսափելիորեն կաճի: Հարցին, թե ինչ պետք է ասի Փաշինյանը, որ նման արդյունք գրանցվի՝ մարդիկ ընտրեն իրեն, ասացին, որ, օրինակ, ասելու է՝ գազիֆիկացվելու է Մեղրի համայնքը, ինչը տարիներ շարունակ խոստացվել է նախորդ իշխանությունների կողմից, բայց դա մնացել է որպես զուտ խոստում։

Ի դեպ, սույն գազիֆիկացման թեման երկու օր առաջ բացեց ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ առաջիկայում հարցը կլուծվի: Մարզերում իրականացվելու են շոշափելի, տեսանելի աշխատանքներ, քանզի, ըստ մեր աղբյուրի, տասնյակ տարիներ շրջանների զգալի մասում ոչինչ չի արվել, ու այդ փոփոխությունները տեսնելով՝ մարդիկ կթեքվեն իրենց կողմը, իսկ ընդդիմադիրների ցանկացած, նույնիսկ ամենաուժեղ ելույթ ու խոսք ոչինչ չեն տա, քանի որ մարդիկ հոգնել են խոսքից ու իրական փոփոխություններ են ակնկալում իրենց համայնքներում: Ի դեպ, «Իմ քայլում» կարծես որոշել են քարոզարշավի կարգախոսը, այն կապված է «ապագա» բառի հետ` «ապագա կա» կամ «ապագա ունենք»՝ նմանատիպ կոմբինացիայով:
 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում