Չունենք այլընտրանք, քան ներքին ու արտաքին անվտանգության կառուցակարգերի ամրապնդումը. Արթուր Դավթյան

Չունենք այլընտրանք, քան ներքին ու արտաքին անվտանգության կառուցակարգերի ամրապնդումը. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: 1918 թ. մեր պապերը անասելի ծանր, թվում է՝ անելանելի պայմաններում, մեր ժողովրդի համար ճակատագրական պահին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերսամարտերում աննկարագրելի սխրանքով, ինքնազոհողությամբ ու հայրենանվիրումով նվաճեցին անկախ պետականություն ունենալու մեր իրավունքը:

Այդ հենքի վրա այսօր ունենք երրորդ հանրապետությունը, որի լինելության, հարատևության մեր բաժին ընթացքի ապահովման պատիվն ու պատասխանատվությունն ընկած է բոլորիս ուսերին: Մայիսի 28-ը մեր ազգային ինքնակազմակերպման, միասնականության, հայրենատիրության, սեփական ուժերին հավատալու և ինքնավստահության խորհրդանիշն է: Արժեքներ, որոնց հանդեպ անփութությունը, որոնց թերագնահատումը կարող են կործանարար լինել:

Անկախության ու պետության շարունակականությունը նաև մեր ներքին համերաշխության, փոխադարձ հանդուրժողականության, քաղաքացիական բարձր գիտակցության, իրավակարգի և օրինականության նկատմամբ խորին ակնածանքի գինն ունի:

Մենք չունենք այլընտրանք, քան հանրային ու պետական ինստիտուտների, ներքին ու արտաքին անվտանգության կառուցակարգերի ամրապնդումը: Մեր ամենօրյա, անդուլ աշխատանքի ելակետն ու շարժառիթը հանրային բարիք ստեղծելը, այս հողն ու ջուրը սնելն ու փայփայելը պետք է լինեն և մեր հայրենակիցների՝ տուն վերադառնալու, մեզ հետ ուս ուսի տված հայրենի պետությունը շենացնելու բոլոր պայմաններն ստեղծելը:

Կրկին շնորհավորում եմ այս նվիրական տոնի առթիվ: Բոլորիս մաղթում եմ մեծ ու փոքր հաղթանակներ մեր ընդհանուր նպատակներին հասնելու աննահանջ ճանապարհին՝ այն գիտակցությամբ, որ չկա ու չպետք է լինի մեզ համար պետությունից և պետականությունից ավելի կարևոր ու ավելի թանկ բան»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում