ԵՄ-ն դրական դիրքորոշում ունի ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Դեսպանը հայտնել է ԵՄ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ և անդրադարձել ԵՄ աջակցությամբ նախատեսվող ծրագրերին։
Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից,
ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։
«Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին նշանակման առթիվ եւ հայտնել ԵՄ դրական դիրքորոշումը Կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ: Դեսպանն անդրադարձել է ԵՄ աջակցությամբ նախատեսվող ծրագրերին, որոնք ուղղվելու են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր եւ միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը եւ այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ, ամփոփելով հանդիպումը, կողմերը շեշտել են, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող ծավալուն փաթեթը ոչ միայն խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն է, այլեւ Հայաստանում եվրոպական արժեքների ամրապնդում եւ վերահաստատում:
Կարծիքներ