Ուկրաինան իր էներգետիկ համակարգի համար նախատեսում է Արեւմուտքից ստանալ մեկ միլիարդ դոլար

Ուկրաինան իր էներգետիկ համակարգի համար նախատեսում է Արեւմուտքից ստանալ մեկ միլիարդ դոլար

Ուկրաինան ակնկալում է ստանալ մեկ միլիարդ դոլար արևմտյան գործընկերներից՝ երկրի էներգետիկ համակարգը վերականգնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Վերջին շաբաթվա ընթացքում միջազգային գործընկերների կողմից Ուկրաինայի էներգետիկ համակարգի աջակցության ընդհանուր հայտարարված փաթեթը կազմել է ավելի քան մեկ միլիարդ դոլար», - ասել է Շմիգալը:

Նա պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները 500 միլիոն դոլար է ուղարկում Միջազգային զարգացման գործակալության միջոցով, ևս 324 միլիոն դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար։ Նորվեգիան, նրա խոսքով, 74 մլն դոլար կհատկացնի Խարկովում և համանուն մարզում վնասված էներգետիկ օբյեկտները վերականգնելու համար։ Իսկ Կանադայի կառավարությունը 14,5 միլիոն դոլար կներդնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտում։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին, ավելի վաղ ելույթ ունենալով Բեռլինում կայացած համաժողովում, ասել էր, որ Ուկրաինայում ոչնչացվել է 9 ԳՎտ էներգիայի արտադրության հզորություն, դա ջերմային էներգիայի արտադրության 80%-ն է և հիդրոէլեկտրակայանների արտադրության մեկ երրորդը։

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ Ուկրաինայում վնասվել կամ ավերվել է ավելի քան 800 ջերմամատակարարման օբյեկտ։ Ապրիլի 15-ին Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն խոստովանել էր, որ դրանց ծավալը կազմել է մինչև յոթ գիգավատ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում