Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Մալայզիայում ռազմածովային ուժերի զորահանդեսի փորձի ժամանակ երկնքում բախվել են երկու ռազմական ուղղաթիռներ։ Վթարի հետևանքով զոհվել են անձնակազմերի բոլոր 10 անդամները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի հայտարարությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Փերեք նահանգի Լումութ ռազմակայանում տեղական ժամանակով 9։32-ին։
Ըստ լրատվամիջոցներում տարածված տեսանյութի՝ խմբով թռչող մի քանի ուղղաթիռներից մեկի պտուտակը դիպչում է մյուս ուղղաթիռին, և երկու ուղղաթիռները կործանվում են։
Մալայզիայի պաշտպանության նախարար Մոհամեդ Խալեդ Նորդինը հայտնել է, որ ուղղաթիռները փորձ էին անում, որպեսզի մասնակցեն Մալայզիայի թագավորական նավատորմի 90-ամյակին նվիրված զորահանդեսին, որը պետք է անցկացվի ապրիլի 27-ին։ Նախարարը հայտնել է, որ բոլոր զոհվածները մինչև 40 տարեկան էին։
Կատարվում է հետաքննություն՝ տեղի ունեցածի պատճառները պարզելու համար։
Կարծիքներ