Կառավարությունը գումար կհատկացնի Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների անցկացման համար

Կառավարությունը գումար կհատկացնի Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների անցկացման համար

2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար այսօր նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը պետական բյուջեից հատկացրեց ֆինանսական աջակցություն՝ 77 մլն 768 հազար դրամի չափով:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ առաջնության ընթացքում ակնկալվում է ավելի քան 40 երկրից շուրջ 280 մարզիկների, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն:

Նախարարը նաև հայտնեց, որ հատկացված գումարով ֆեդերացիան ձեռք է բերելու 2 ռինգ, 12 տանձիկ, բռնցքամարտի 300 ձեռնոց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այս տարի Հայաստանում ևս մեկ համաեվրոպական նշանակության միջոցառում կա՝ «Մանկական Եվրատեսիլը»: Գործադիրի ղեկավարի խոսքով, Կառավարության մեկ այլ որոշմամբ, այսօր նաև գումար է տրամադրվելու Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ ոչ միայն այս առաջնության, այլև «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի անցկացման համար։

ՀՀ վարչապետի նշեց, որ այս միջոցառումները լավ առիթ են, որ տուրիստական ընկերությունները ակտիվանան ու հոսքերը վերականգնվեն:

 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշված միջոցառումներին ավելացրեց Հայաստանում անցկացվելիք երկու կարևոր միջոցառում՝ ՄԱԿ-ի World tourism organization տարեկան համաժողովը և Starmus միջազգային աստղագիտական համաժողովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում