ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին՝ անհապաղ դուրս գալ ՀՀ տարածքից
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն մարտի 9-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունել է եզրափակիչ հայտարարություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ներկայացնելով հայտարարության մի քանի հիմնական դրույթները․
«Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն գոհունակությամբ նշում է ԵՄ-ի և Հայաստանի միջև շատ լավ հարաբերությունները և հիշեցնում Եվրոպական խորհրդարանի և Հայաստանի Ազգային ժողովի դերը այս հարցում, հիմնված իրենց ժողովրդավարական լեգիտիմության վրա։
Շեշտում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով կամ ուժի կիրառման սպառնալիքով։
Կոմիտեն պահանջում է հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան և հիմնված, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման` Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. Հիմնարար սկզբունքների և տարրերի վրա;
Ընդգծում է, որ կողմերի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացումը և առաջին հերթին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անհրաժեշտ նախապայմաններ են դեպի խաղաղություն առաջընթացի համար. այս կապակցությամբ դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը երաշխավորելու իր պարտավորությունների խախտումը. հորդորում է անհապաղ դադարեցնել միջանցքի շրջափակումը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի պարտադիր կատարման ենթակա որոշման;
Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն հիշեցնում է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային կապերի բացման անհրաժեշտությունը և կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին համաձայնության գալ այս հարցի վերաբերյալ ձևաչափերի շուրջ, որոնք պետք է լիովին հարգեն կողմերի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային օրենսդրությունը;
Կոմիտեն խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան, ինչպես նաև 2021 թվականի մայիսից սկսած ռազմական ներխուժումները Հայաստանի տարածք. կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից։
Կոմիտեն ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղակայումը. կոչ է անում Ադրբեջանին լիովին համագործակցել ԵՄ առաքելության հետ և թույլ տալ նրա ներկայությունը նաև սահմանի իր կողմից։
Ընդգծում է առաջնահերթության կարգով առկա բոլոր հումանիտար խնդիրները լուծելու անհրաժեշտությունը. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց։
Կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին հետաքննել հայ ռազմագերիների բռնի անհետացման վերաբերյալ առկա բոլոր հաղորդումները։
Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինվորականների և անզեն ռազմագերիների խոշտանգումն ու սպանությունը. պնդում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից լիարժեք և թափանցիկ հետաքննության անհրաժեշտությունը։
Կոմիտեն առաջարկում է ստեղծել անկախ անցումային արդարադատության մեխանիզմ, որը կքննի ռազմական հանցագործությունների մեղադրանքները, կհասցեագրի անհայտ կորածների խնդիրը, կքննի բռնի անհետացման մեղադրանքները, ինչպես նաև զինված հակամարտության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների փաստացի գնահատում կիրականացնի;
Կոմիտեն լրջորեն մտահոգված է 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում և շուրջը հայկական մշակութային ժառանգության հուշարձանների ծագումնաբանությունն աղավաղելու մասին հաղորդումներով։ Ընդգծում է առանց նախապայմանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտությունը;
Կոմիտեն ողջունում է Հայաստանի հանձնառությունը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման գործընթացում, ինչպես նաև` 2021 թվականի մարտի 1-ից դրա ուժի մեջ մտնելուց ի վեր գրանցված առաջընթացը;
Շեշտում է, որ ՀՀ֊ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հիմնված է ժողովրդավարության, օրենքի գերակայության, լավ կառավարման և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ ԵՄ-ի և Հայաստանի ընդհանուր հանձնառության վրա, դրական է գնահատում վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացված կարևոր բարեփոխումները, որոնք Հայաստանը հաստատել են որպես լիարժեք ժողովրդավարական երկիր և լավ կառավարման տարածաշրջանային առաջատար. մտահոգված է թեև քաղաքական դաշտի բևեռացվածության աճով և կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին զսպվածություն դրսևորել;
Կոմիտեն ընդունում է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրերի լավ կատարումը և կոչ է անում ԵՄ խորհրդին սկսել վիզաների ազատականացման երկխոսություն Հայաստանի հետ՝ մարդկանց միջև շփումներն էլ ավելի ամրապնդելու համար։
Կոմիտեն կարևորում է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրով նախատեսված ներդրումների զգալի խթանը, որը կօգնի Հայաստանին կառուցել դինամիկ և դիմացկուն տնտեսություն, ընդգծում է իր ուշադրությունը հիմնական ոլորտների վրա, ներառյալ ռազմավարական կարևոր կապի ծրագրերը և աջակցությունը առավել խոցելի շրջաններին. ողջունում է Հայաստանի առաջընթացը ծրագրի շրջանակներում առաջնահերթ նախաձեռնությունների իրականացման գործում»։
Կարծիքներ