Հայաստանի համար սկզբունքային է ԼՂ-ի կարգավիճակի հարցը. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը`ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման արդյունքներով.
«Հարգելի՛ պարոն նախարար,
Ուրախ եմ հյուրընկալել Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուին Հայաստանում՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Մենք այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում, անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, գործընկերոջս մանրամասներ ներկայացրի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ, քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում տիրող իրավիճակի հետ կապված խնդիրները: Մենք երկխոսություն ունեցանք նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի, ԵԱՀԿ-ում լեհական նախագահության առաջնահերթությունների և հեռանկարների շուրջ: Գործընկերոջս ներկայացրի նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները:
Հարգելի՛ պարոն Ռաու,
Դուք այսօր Հայաստան եք այցելում որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհավորել ևս մեկ անգամ և արդյունավետ գործունեություն մաղթել Ձեզ այս պատասխանատու առաքելությունում: Լեհաստանի կողմից նախագահության ստանձնումը և այս կարևոր կազմակերպության ղեկավարումը համընկավ եվրոպական անվտանգության լրջագույն ճգնաժամի՝ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետ։ Հասկանալի է, որ այս պահին այն իր վրա է սևեռում ԵԱՀԿ ուշադրության մեծ մասը, սակայն ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում: Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները` Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակելու համար։
Դրա վառ վկայությունն է մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ, և այս իրավիճակը շարունակվում է մինչ այսօր: Այս ներխուժմանը և ռազմական գործողությունների հրահրմանը նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը։ Ադրբեջանը խափանել էր Լեռնային Ղարաբաղի` կենսական նշանակություն ունեցող միակ գազատար խողովակի աշխատանքը և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ՝ ցրտաշունչ եղանակային պայմաններում, և այս ներխուժումն Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիա է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:
Այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական, իսկ Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը՝ հրատապ՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար: Եվ մենք գոհունակությամբ ենք փաստում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի:
Հարգելի՛ գործընկերներ,
Չեմ կարող չնշել, որ 44-օրյա պատերազմի ավարտից մոտ մեկուկես տարի անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը, ինչպես նաև իր կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ պատանդառության մեջ պահելով հայ ռազմագերիներին:
Հարգելի՛ գործընկերներ,
Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին. նույնը և այսօր։ Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը որոշակի առաջարկներ է փոխանցել հայկական կողմին, և մենք այս առաջարկները համարել ենք ընդունելի՝ միաժամանակ ասելով, որ նրանք, այնուամենայնիվ, ամբողջապես չեն հասցեագրում խնդիրների ողջ օրակարգը։ Մենք մեր առաջարկներով ամբողջացրել ենք այս օրակարգը՝ ավելացնելով, որ մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունն առաջիկայում, այնուամենայնիվ, կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ՝ այս օրակարգով և համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով: Մենք, համենայն դեպս, հետևողական ենք այս հարցում, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին և նախանշված ուղենիշներին:
Ուզում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը` սահմանագոտում ձեռնարկելու կայունության բարձրացման քայլեր, և այնուհետև ձեռնամուխ լինել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Ուզում եմ նշել նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես գիտեք, ընթանում են խորհրդակցություններ` տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, և այստեղ մենք ևս հանդես ենք եկել առաջարկներով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մենք հավատում ենք, որ ինչպես տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցում, այնպես էլ, ավելի լայն առումով` համապարփակ խաղաղություն հաստատելու հարցում միջազգային գործընկերների համապատասխան դիրքորոշմամբ և նաև, հավանաբար, Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման դեպքում կկարողանանք ունենալ շոշափելի արդյունքներ։
Մենք նաև անդրադարձել ենք մեր երկկողմ օրակարգին։ Այս տարի, ինչպես բազմաթիվ այլ երկրների հետ, այնպես էլ Հայաստանի և Լեհաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է։ Ուզում եմ ավարտել այս ուրախ նոտայով, շնորհավորել բոլորիս այս առթիվ։
Շնորհակալություն, պարո՛ն Ռաու, համեցեք»։
Կարծիքներ