Ղազարյանը ներողություն չխնդրեց ՔՊ անդամներին վիրավորելու համար, Նարեկ Կարապետյանը հավելեց՝ որևէ ասելիք չունեն
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը, որի հենց սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարց է ուղղել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, թե վերջինս ասելիք ունի՞:
«ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- պատասխանել է Ղազարյանը:
Ռուբինյանը հարց է ուղղել նաև խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին. «Պարոն Նարեկ Կարապետյան, Դուք ասելիք ունե՞ք»:
«Ո՛չ»,- կարճ պատասխանել է Կարապետյանը:
Ռուբինյանն արձագանքել է՝ ասելով. «Շատ լավ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»:
Հիշեցնենք՝ ԱԺ հերթական նիստերի նախորդ օրը՝ օգոստոսի 13-ին, իրավիճակն ԱԺ դահլիճում լարվել էր Էդգար Ղազարյանի ելույթից հետո, որը ԱԺ պատգամավորներին ու իշխանությանը վիրավորել էր:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին, ասել էր, թե արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն ԱԺ դահլիճում խախտվում են: 10 օրվա ընթացքում 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն: Ռուբինյանը հավելել էր, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր արտահայտության համար:


Կարծիքներ