Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել պաշտոնյաների հետ իր որդու շփումների շուրջ սկանդալի համար
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան երկուշաբթի օրը խոստովանել է, որ իր ավագ որդու` բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփումների հետ կապված սկանդալը լրջորեն խաթարում է հասարակության վստահությունը կառավարության ղեկավարի նկատմամբ: Այս մասին, ի պատասխան ընդդիմության պատգամավորների հարցերին, նա հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի բյուջեի հանձնաժողովում բանավեճերի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ստեղծված իրավիճակը,- ասել է վարչապետը,- լրջորեն խաթարում է մարդկանց վստահությունն իմ հանդեպ: Խորապես զղջում եւ ներողություն եմ խնդրում »:
Ավելի վաղ հրաժարական էր տվել Ճապոնիայի կառավարության կաբինետի հանրային կապերի քարտուղար Մակիկո Տանական: Նա, մասնավորապես, մասնակցում էր վարչապետի հրապարակային ելույթների կազմակերպմանը, իսկ նախկինում Վարչական գործերի եւ կապի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա էր, ով, մասնավորապես, պատասխանատու էր հեռուստառադիոընկերություններին լիցենզիա տրամադրելու համար: Այդ կարգավիճակում նա 2019-ին առնվազն մեկ անգամ ճաշել էր վարչապետի ավագ որդու` Սեյգո Սուգիի հաշվին, ով զբաղվում էր արբանյակային հեռարձակմամբ: Դա նախարարությունից լիցենզիա ստանալ էր պահանջում: Ընթրիքի համար վարչապետի որդին 70 հազար իեն (ավելի քան 650 դոլար) էր վճարել, ինչը պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների խախտում է համարվում, որն արգելում է նվերներ եւ ընծաներ ստանալ:
Kyodo գործակալությունը նշում է, որ կառավարության քարտուղարի հրաժարականով կառավարությունը կցանկանար վերջ տալ ներկայիս սկանդալին: Երկուշաբթի օրը շտապ հոսպիտալացվել էր նաեւ Մակիկո Տականան, ինչը կարող էր խանգարել նրան կրկին հրավիրել խորհրդարան գործի վերաբերյալ հարցաքննության համար:
Ավելի վաղ Kyodo-ն հայտնել էր, որ կառավարության ղեկավարի որդու կողմից վճարված ընթրիքներին մասնակցել է ադմինիստրատիվ գործերի եւ կապի նախարարության առնվազն 11 պաշտոնատար անձ: Յոսիհիդե Սուգան ավելի վաղ հրապարակավ ներողություն էր խնդրել այդ սկանդալի կապակցությամբ: Ընդ որում, նա շեշտել էր, որ իր որդու հետ երբեք չի քննարկել նրա աշխատանքը:
Կարծիքներ