Հերիք է կոկորդիլոսի արցունքներ թափեք. խորհրդարանում վիճաբանություն սկսվեց
Այսօր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ կառավարությունը ռազմավարություն մշակե՞լ է Արցախի բնակչության անվտանգության մասով, քանի որ հիմա Ռուսաստանը պատերազմում է և Արցախին չի կարող օգնել հացահատիկով:
Ընդդիմադիր պատգամավորը նաև պնդեց, թե այս իշխանությունները Արցախի 75 տոկոսը թողել են թշնամուն:
Կառավարության ղեկավարը, անդրադառնալով այս պնդմանը, պահանջ ներկայացրեց. «Պաշտոնապես պահանջում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին դիրքորոշում հայտնել՝ ի վերջո Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլի, և այսպես շարունակ: Եթե Սանասար է, ոչ թե Կուբաթլի, ապա ձեր լիդերները ինչո՞ւ էին 20 տարի բանակցել այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Ընդ որում՝ դա արել են հրապարակային: Ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրվել է՝ 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին: Հիմա ասեք, ա՛յ դավաճաններ, էդ հողերը ինչո՞ւ եք դրել սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անե՞ք: Եթե պաշտոնապես հաստատեք, որ Սանասար է, ոչ թե Կուբաթլի, հայրենիքի դավաճանության հոդվածով ձեր երկու լիդերների նկատմամբ հետապնդում պետք է իրականացվի: Ինչ դուք ուզում եք բեմադրել մեր նկատմամբ, ձեր նկատմամբ պետք է լինի: Հերիք է գաք ու կոկորդիլոսի արցունքներ թափեք»:
Հռիփսիմե Ստամբուլյանը հորդորեց մատ թափ տալով չխոսել խորհրդարանում, ինչից հետո ՀՀ վարչապետն ասաց, որ եթե իր հետ խոսում են հողեր հանձնելուց, ինքը կարող է մատ թափ տալով խոսել:
Այս ամենից հետո ընդհարում սկսվեց ընդդիմադիր պատգամավորների և Նիկոլ Փաշինյանի միջև: Տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանն էլ հորդորեց լարվածություն չմտցնել և կոռեկտ պահել ԱԺ դահլիճում:
Վիճաբանությունից հետո Հակոբ Արշակյանը դուրս հրավիրեց Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, որից հետո ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան դահլիճից՝ այդ ընթացքում էլ վիրավորելով իշխանության ներկայացուցիչներին:
Ընդդիմադիր պատգամավորների դուրս գալուց հետո ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանն ավարտվեց, քանի որ հերթագրված պատգամավորներն ընդդիմադիր խմբակցություններից էին:
Կարծիքներ