Ստեփան Գրիգորյանը հերքում է Յուրի Խաչատուրովի մասին արած իր հայտարարությունները
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հրապարակայնորեն հերքում է 2018 թվականի հուլիսի 30-ին ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հայտարարությունները։
«Հարգելով դատարանի որոշումը, հաշվի առնելով, որ այն մտել է օրինական ուժի մեջ՝ հրապարակայնորեն հերքում եմ 2018 թվականի հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված իմ հարցազրույցում Յուրի Խաչատուրովին վերաբերող տվյալները։ Տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու եւ պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին»,- հերքման տեքստում նշում է Գրիգորյանը։
Ավելի վաղ դատարանը որոշել է. «Պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում, «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում հրապարակայնորեն հերքել 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված հարցազրույցում զրպարտություն համարվող եւ հայցվորին վերաբերող հետեւյալ փաստացի տվյալները՝ տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու եւ պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին՝ հերքման տեսանյութը տեղադրելով նաեւ Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան կայքում, այնպես, որ հերքման տեսանյութը տեղակայման, հաղորդման ժամի առումով չզիջի 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում հրապարակված հարցազրույցի տեսանյութին»։
Նշենք, որ Յուրի Խաչատուրովը դեռեւս 2018թ. օգոստոսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պահանջներով։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն իր մամլո ասուլիսներից մեկում անդրադարձել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաեւ՝ մեղադրանքներ էր հնչեցրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:
Կարծիքներ