Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել. Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել. Մարուքյան

Հայաստանի hատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններին և այս համատեքստում Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններին․

«2022թ․ մարտին Ադրբեջանն առաջարկեց հինգ հիմնարար սկզբունք, որոնց վրա պետք է հիմնվեր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, այն է՝ պետությունների կողմից ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, դրանց միջազգային սահմանների անքակտելիության և միմյանցից քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում:

Պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և իրավական պարտավորության ընդունում այն մասին, որ ապագայում նման պահանջներ չեն ներկայացվի:

Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին չհամապատասխանող այլ հանգամանքներից:

Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների ստեղծում և համագործակցության հաստատում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Չնայած, որ նշված սկզբունքներին անդրադարձ է կատարվել բանակցությունների ընթացքում, այդ թվում՝ հրապարակայնորեն, Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և բանակցությունների ամբողջ ընթացքում անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում՝ դրանով իսկ տորպեդահարելով խաղաղ գործընթացը։ 

Երեկ էլ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կարող է հաստատվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր սահմանադրության և ներքին օրենսդրության մեջ՝ այդպիսով պաշտոնապես բարձրացնելով բոլորովին նոր նախապայման։

Ինչպես ասում են, «ախորժակը ուտելիս է բացվում», և այս անվերջ պահանջները գալիս են ապացուցելու միայն մեկ բան՝ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում կամ խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ՝ այսպիսով փորձելով հիմարացնել ամբողջ միջազգային հանրությանը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում