Կրեմլը մեկնաբանել է Նավալնիի աջակիցների դաժան ձերբակալությունները

Կրեմլը մեկնաբանել է Նավալնիի աջակիցների դաժան ձերբակալությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չհամաձայնեցված բողոքի ակցիաների ժամանակ անվտանգության ուժերի կոշտ գործողությունները պատկերող կադրերին պարզունակ գնահատական չտալ։ Ըստ նրա՝ հարկավոր է մտածել այդ միջոցառումներին դիմելու պատճառների մասին:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նախագահը տեսել է տեսանյութերը, որոնցում երևում են անօրինական ակցիաների մասնակիցների դաժան ձերբակալությունները, էլեկտրաշոկերի և ֆիզիկական ուժի կիրառումը, Պեսկովը պատասխանել է, որ Պուտինը չի կարող դիտել բոլոր տեսանյութերը:

«Նա չի կարող տեսնել յուրաքանչյուր տեսանյութ, որը ձայնագրվել է այս ապօրինի ակցիաների ընթացքում: Դուք գիտեք, որ հազարավոր տեսանյութեր են ձայնագրում թե՛ անհատները, թե՛ համապատասխան ծառայությունները։ Բնականաբար, նախագահը պարզապես ի վիճակի չէ դիտել այդ տեսանյութերը»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է քննարկել յուրաքանչյուր կոնկրետ դեպք:

«Պետք չէ պարզունակ գնահատական տալ հայտնված կադրերին: Պետք չէ գնահատել այս կամ այն անձի նկատմամբ ազդեցության միջոցների կադրերն՝ առանց մտածելու այն մասին, թե ինչն է դարձել նման կոշտ միջոցներ ձեռնարկելու պատճառը, ինչպիսին է եղել մարդու վարքը դրանից բառացիորեն կես րոպե առաջ: Մենք նաև տեսանք հսկայական քանակության  կադրեր, թե ինչպես են հարձակվել հատուկջոկատայինների, ոստիկանների վրա, նրանց նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք են դրսևորել, ինչը բացարձակապես անթույլատրելի է»,- ասել է Պեսկովը:

Հունվարի 23-ին և 31-ին Ռուսաստանի քաղաքներում անցկացվել են չհամաձայնեցված ցույցեր, որոնք վերածվել են անվտանգության աշխատակիցների հետ բախումների, իրավախախտների ձերբակալությունների և քրեական գործերի հարուցման։ Հունվարի 31-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 5000 մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է համարվում։

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին 30 օրով կալանավորվել է Գերմանիայից Մոսկվա վերադառնալուն պես։ Նա Բեռլինում բուժում էր ստանում թունավորումից, որում մեղադրում է ՌԴ իշխանություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում