Ղազախստանի իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը
![Ղազախստանի իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը](https://freenews.am/uploads/images/image_750x_61dbf5838b9e7.jpg)
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկրում իրավիճակը կայունացել է: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։
«Ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական և տարածաշրջանային օպերատիվ շտաբերի դիրքերից չեզոքացվել են ահաբեկչական սպառնալիքների օջախները։ Ահաբեկիչների կողմից գրավված բոլոր վարչական օբյեկտները Ալմաթի, Կիզիլորդա, Թալդիկորգան և Թարազ քաղաքներում ազատագրվել են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հաղորդագրությունում նշվում է, որ «մաքրվում են» զինյալների ու անկարգությունների մասնակիցների հնարավոր ապաստանի վայրերը։
«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին աջակցել իրավապահ մարմիններին՝ բացահայտելու ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված անձանց, կամավոր հանձնել զենքն ու զինամթերքը, որոնք գողացվել են անկարգությունների ժամանակ»,- ասվում է հաղորդագրությունում:
Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել էին հունվարի 2-ին։ Երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ էին արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը, այնուհետև բողոքի ակցիաները տարածվել էին այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին և 5-ին բախումներ էին տեղի ունեցել ուժայինների հետ, ոստիկանությունը կիրառել էր գազ և խլացուցիչ նռնակներ։ Ողջ Ղազախստանում ինտերնետն անջատվել էր, մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը՝ ժամանակավորապես դադարեցվել։ Մինչև հունվարի 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել։ Հունվարի 5-ի առավոտյան երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը արձակել էր կառավարությունը և գլխավորել հանրապետության Անվտանգության խորհուրդը։ Ղազախստանի նախագահը երկրում կատարվողն անվանել էր արտաքին ագրեսիա և դիմել ՀԱՊԿ-ի գործընկերներին։ ՀԱՊԿ-ը խաղաղապահ ուժեր է ուղարկել Ղազախստան։
Կարծիքներ