Ներկայացվել է ԱԺ աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական ծրագիրը
Կարևորելով խորհրդարանի աշխատակազմի կարողությունների զարագացումը` ՀՀ ԱԺ աշխատակազմը Կանադայի Խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ նախագծել է ՀՀ ԱԺ աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական զարգացման ծրագիր, որի ընդհանուր դրույթները ներկայացվել են խորհրդարանում դեկտեմբերի 10-ին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Ներկա են եղել ԱԺ աշխատակազմի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), Կանադայի խորհրդարանական կենտրոնի, ԵՄ կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ներկայացուցիչները:
Ներկայացնելով ծրագրի հիմնական ուղղությունները` ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը նշել է, որ նման ծրագիր առաջին անգամ է իրականացվում ԱԺ աշխատակազմի համար: Այն նախագծվել է Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ` միտված ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների հզորացմանը: Վահան Նարիբեկյանի խոսքով` հինգ տարվա համար նախատեսված ծրագիրը կմեկնարկի 2022 թվականին:
«Ծրագիրը միտված է ապահովելու հաջողված կորպորատիվ կառավարում, արդյունավետ ներքին մենեջմենթի համակարգ, ինչպես նաև բարձրացնելու է Ազգային ժողովին և պատգամավորներին մատուցվող ծառայությունների որակը»,-տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:
Ծրագիրը ներառում է շուրջ երեսուն ռազմավարական դրույթներ, որոնցից հաջորդ տարվա համար առանձնացվել է յոթը: Նախատեսվում է մասնավորապես հզորացնել մարդկային ռեսուրսների, փորձագիտական և վերլուծական, ինչպես նաև տեղեկատվական ու հետազոտական կարողությունները: Վահան Նարիբեկյանը նշել է, որ կարևորում է ծրագրի իրականացման ընթացքում բոլոր միջազգային գործընկերների ներուժը, հատկապես, որ ծրագրում արտացոլված որոշ ենթածրագրերի իրագործման մասով միջազգային գործընկերների հետ ԱԺ աշխատակազմն ունի արգասաբեր աշխատանքի արդյունքներ:
Ներկաները կարևորել են խորհրդարանում նման ծրագրի իրականացումը: Քննարկվել են ծրագրի իրագործման տարբեր բաղադրիչների մասով հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր:
Կարծիքներ