Կառավարությունը 13.3 մլրդ դրամ հատկացրեց 3 խոշոր բլոկով շինաշխատանքներ իրականացնելու համար
Կառավարությունը վերաբաշխում կատարեց պետբյուջեում և 13.3 մլրդ դրամ հատկացրեց 3 խոշոր բլոկով շինաշխատանքներ իրականացնելու համար՝ ջրամբարաշինություն, Երևանում ճանապարհաշինություն և միջին նորոգման աշխատանքներ:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Կապսի ջրամբարի հետ կապված որոշակի գործընթաց կա. այժմ փաստաթղթերի ուսումնասիրման փուլն է:
«Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նոր գյուղ ենք կառուցելու, և շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել և քաղաքաշինական նոր կուլտուրա բերենք, որը համապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին և պահանջներին»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Երևանում իրականացվող ծրագրերին, ապա ՏԿԵ նախարարն ասաց, որ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, և ավարտական տեսքի բերելու համար 4.1 մլրդ դրամ գումարի անհրաժեշտություն կա:
Միջին նորոգման աշխատանքների վերաբերյալ Սանոսյանն ասաց, որ այժմ 10 ճանապարհահատված կա՝ ընդհանուր 135 կմ երկարությամբ:
«5.7 մլրդ որ հատկացնենք՝ դրանց մրցութային գործընթացները կավարտենք և կսկսենք շինարարական աշխատանքները»,- նշեց նախարարը:
Կարծիքներ