ԿԸՀ-ն բավարարել է Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։ Այս մասին «Ֆեյսբուք»- իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու»,- գրել է Աբրահամյանը:
Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:
Ըստ այդմ՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ վերոնկարագրյալ արարքների կատարման համար Առուշ Առուշանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար:
Կարծիքներ