Փաշինյանը ստիպված ստորագրեց հայտարարությունը, հակառակ դեպքում Հայաստանն ամբողջովին կկործանվեր․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Բաքուն առաջարկում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող նոր միջանցք ստեղծել՝ միաժամանակ Լաչին քաղաքը տալով Ադրբեջանին:
Նա նշել է, որ երկար տևած բանակցություններում ՝ շուրջ 30 տարի, Լաչինի շրջանը Ադրբեջանին վերադարձնելու հարցը, հատկապես Լաչինի միջանցքին վերաբերող հարցը միշտ քննարկվել է որպես շատ կարևոր և առանձին թեմա:
«Հայկական կողմն ընդհանուր առմամբ կարծում էր, որ Լաչինի ամբողջ շրջանը պետք է իրենց տրվի որպես միջանցք: Ցավոք, որոշ արեւմտյան շրջաններ սատարեցին այս դիրքորոշումը։ Արդյունքում, Լաչինի շրջանում հայկական կողմն իրականացրել է ապօրինի բնակեցման ու կառուցման լուրջ քաղաքականություն։ Օրինակ, եթե նայեք Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրաիլի, Զանգելանի, Կուբաթլուի շրջաններին, այնտեղ ավելի շատ զորամասեր էին տեղակայված, ի տարբերություն Լաչինի, որտեղ շուրջ 10 հազար մարդ է ապրում: Այսինքն ՝ Հայաստանի ղեկավարությունը չէր էլ մտածում Լաչինի շրջանը վերադարձնել Ադրբեջանին»:
Ալիևն անդրադառնալով պատերազմի ելքին, նշել է, որ եթե Լաչինը, Քարվաճառը և Շուշին չվերադարձվեին Ադրբեջանին, ապա համաձայնություն չէր կարող լինել:
«Մենք ասում էինք, որ մեր տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Մենք ոչ միայն խոսեցինք այդ մասին, այլև այս բոլոր տարիներին մոբիլիզացնելով մեր ուժերը` ամրապնդեցինք երկիրը, միջազգային հարթությունում ամրացրինք մեր դիրքը, երկրի ներսում էլ տնտեսական խնդիրները լուծեցինք, համախմբվեցինք, իշխանությունը երկաթե բռունցքի վերածեցինք և այսօր ստեղծեցինք նոր իրողություն»։
Մենք թշնամուն վտարել ենք մեր հողից: Փաշինյանը ստորագրեց հայտարարությունը, քանի որ ստիպված էր ստորագրել, հակառակ դեպքում Հայաստանն ամբողջովին կկործանվեր։
Կարծիքներ