Հայր ու որդի ծեծել են շտապօգնության բժշկին ու վարորդին, ծեծի են ենթարկվել նաև դեպքի վայր ժամանած ոստիկանները
Քննչական կոմիտեն հայտնում է Հրազդանի բժշկական կենտրոնում խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մասին։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մեղրաձոր բնակավայրի բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:
Նախնական տվյալներով, 2022թ ապրիլի 30-ին՝ ժամը 20:50-ին, մի խումբ անձինք իրենց վատառողջ բարեկամին Երևան քաղաք տեղափոխելու հարցի շուրջ վիճաբանել են «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական անձնակազմի և շտապօգնության հերթապահ բժշկի հետ, որի ընթացքում Մեղրաձոր բնակավայրի երկու բնակիչ՝ հայր և որդի, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խախտելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը, կոտրել են հիվանդանոցի գույքը, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել: Նրանցից մեկը՝ հայրը, հարվածել է շտապօգնության ավտոմեքենայի վարորդին, իսկ որդին հարվածներ է հասցրել բժշկի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, երբ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները, որդին, չենթարկվելով նրանց օրինական պահանջներին, վիճաբանել է վերջիններիս հետ, որի ընթացքում հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի երկու աշխատակցի:
Հրազդան համայնքի Մեղրաձոր բնակավայրի բնակիչներից մեկը՝ որդին, ձերբակալվել է, իսկ հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ