Հայաստանում կստեղծվի ակադեմիական քաղաք.Արթուր Մարտիրոսյան
«Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանում ստեղծել ակադեմիական քաղաք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը Արթուր Մարտիրոսյանը հուլիսի 28-ի Կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս նշեց, որ ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային համագործակցության ընդլայնում՝ ժամանակակից, վիրտուալ, սոցիալական ու ֆիզիկական ենթակառուցվածքների առկայությամբ:
«Ակնկալվում է, որ համալիր միջոցառումների արդյունքում Հայաստանում օտարերկրյա ուսանողների ներկայիս թիվը (շուրջ 7600) կկրկնապատկվի»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը:
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծեց, որ ակադեմիական քաղաքն իր բնույթով, ֆիզիկական ենթակառուցվածքներով, բովանդակությամբ պետք է նոր չափորոշիչ սահմանի ոչ միայն Հայաստանի մասշտաբներով, այլև՝ հասանելի լինի սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների համար:
Գործադիրի ներկայացուցիչները կարևոր համարեցին այն, որ մասնագիտական ու բարձրագույն կրթության համակարգում բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով որևէ ուսանող դուրս չի մնա կրթական ծրագրից, կտրամադրվի պետական կրթաթոշակ:
Կարծիքներ