Մեթադոնի լուծույթներ վաճառած 62-ամյա մրգաշատցին կալանավորվել է
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Մրգաշատ գյուղի մի բնակիչ մեթադոն է վաճառում։ Իրավապահները նախ հայտնաբերել ու ձերբակալել են երեք անձի։ Նրանց մոտ «մեթադոնային լուծույթ» գրառմամբ թափանցիկ հեղուկով տարաներ են եղել։
Պարզվել է, որ երեքն էլ թմրամիջոցը ձեռք են բերել 62-ամյա մրգաշատցուց։ Նրանցից մեկի տան խուզարկությամբ հայտնաբերվել է նաև շուրջ 4 գրամ մարիխուանա։
Կարճ ժամանակ անց Սարդարապատ գյուղում ոստիկանները հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Մեծամորի բաժին են տեղափոխել 62-ամյա մրգաշատցուն և երկու տղամարդու, երկուսն էլ՝ 52 տարեկան։ Նրանց մոտ ևս «մեթադոնային լուծույթ» գրառմամբ սպիտակ հեղուկով տարաներ են եղել։
Քրեական վարույթի շրջանակում իրավապահները խուզարկել են 62-ամյա մրգաշատցու մեքենան՝ հայտնաբերելով մեթադոնի լուծույթով սրվակ, իսկ տան խուզարկությամբ՝ տարբեր հրազեններ ու տրամաչափի փամփուշտներ։
62-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ