Մասիսի ոստիկանները բացահայտել են 12 միլիոն դրամից ավելի ոսկեղենի կողոպուտը. մեկ անձ ձերբակալվել է

Մասիսի ոստիկանները բացահայտել են 12 միլիոն դրամից ավելի ոսկեղենի կողոպուտը. մեկ անձ ձերբակալվել է

Փետրվարի 26-ին, ժամը 18.35-ին, 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Մասիս քաղաքի Հերացու փողոցում «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայից գողացել են ոսկյա զարդեր: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից էլ անմիջապես դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբը․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Ոչ թե գաղտնի, այլ բացահայտ հափշտակություն էր: Կողոպուտը տեղի էր ունեցել ժամը 18.20-ին: Ոսկերչական խանութը փակելուց հետո տերը ոսկեղենը տեղավորել էր մեքենայի հետևի նստելատեղին, ու մինչ կքայլեր ու կնստեր «ԲՄՎ»-ն` լսել էր մի կնոջ աղաղակը, որ ոսկեղենը տարան…

Տարեց վարորդը շրջվել ու նկատել էր, որ ոսկեղենն այլևս չկա: Նկատել էր նաև բակերի ուղղությամբ անհետացող երիտասարդի թիկունքը: Կորուստը մեծ էր` ավելի քան 12 միլիոն դրամի: Առաջին հարցերից մեկը, որ հետաքրքրեց իրավապահներին, հետևյալն էր. մի՞շտ է խանութպանը ոսկեղենը նույն կերպ տեղափոխել: Պատասխանը սպասելի էր` ամեն օր: Թեև կատարվածը կողոպուտ էր, սակայն կողոպտողի վերաբերյալ որևէ կողմնորոշիչ բան պարզել չհաջողվեց: Ամեն ինչ կատարվել էր արագ ու անսպասելի, հասկանալի էր, որ հանպատրաստից կատարված կողոպուտ չէր: Հարուցվեց քրեական գործ, Մասիսի քրեական հետախույզներն էլ ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները, և շուտով ստացվեցին օպերատիվ տվյալներ, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ` «Օպել» մակնիշի իր մեքենայով:

Փետրվարի 28-ին նա հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ մարմարաշենցին տարբեր օրերի հետևել էր խանութպանին և համոզվել, որ նա ամեն անգամ իր հետ տեղափոխում է ոսկեղենը: Ծրագրել էր իր քայլերը, նաև նշագծել անվտանգ փախուստի ճանապարհը` տեսահսկող սարքերից զուրկ փողոցներով ու բակերով: Մեքենան էլ կայանել էր խուլ մի տեղ, հետաքրքրասեր աչքերից հեռու: Մարմարաշենցի երիտասարդը ձերբակալվել է, գողոնը մասամբ հայտնաբերվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում