Ձիասպորտի կենտրոնում կայացել է ՀՁՖ Գավաթի բաց առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ 4 երկրից
Հայաստանի Ձիասպորտի ֆեդերացիայի բարձր հովանու ներքո Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում կայացել է ՀՁՖ Գավաթի Բաց առաջնությունը։
Առաջնությունն անցվակցվել է արգելքների հաղթահարում մրցաձեւում։ Երկու մրցութային օրերին մարզիկները արգելքներ են հաղթահարել B,C, D դասերում։
Առաջնությանը մասնակցել են չորս երկիր ներկայացնող մարզիկներ՝ Հայաստան, Վրաստան, Բուլղարիա եւ Գերմանիա։
Հայ մարզիկները ներկայացրել են Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնը, Սիլ եւ Միրաժ ակումբները։
Առաջին մրցութային օրը B, C, D դասերում հաղթողի կոչմանն արժանացել են Սիլ ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը՝ հանդես գալով Գաղտնիք, Սուպեր Ալիանս եւ Լոգիկա նժույգներով։ Երկրորդ մրցութային օրը D դասում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հ. Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնը ներկայացնող Վանիկ Ավետիսյանը Կարտասար նժույգով, C դասում՝ Միրաժ ակումբի մարզիկ Արսեն Պողոսյանը՝ Գեղարդ նժույգով, իսկ B դասում՝ Սիլ ակումբը ներկայացնող Ռոբերտ Խաչատրյանը՝ Պենտելի նժույգով։
Մրցանակաբաշխությունն անցկացրել են ՀՁՖ նախագահ Հայրապետ Հայրապետյանը, փոխնախագահ Արկադի Եսայանը, գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը եւ ՀՁՖ նախագահության անդամ Հմայակ Զաքոյանը։
Առաջնության պատվավոր հյուրերից է եղել Վրաստանի ձիասպորտի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թոռնիկե Գաչեչիլադզեն։
Հաղթողները պարգեւատրվել են մեդալներով, պատվոգրերով, դրամական պարգեւներով։ B դասում առաջին հորիզոնականը զբաղեցրած մարզիկներին հանձնվել են գավաթներ։
Կարծիքներ