ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին

ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին

Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելարոպուլուին այսօր հանձնել է իր հավատարմագրերը:

 

Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Հունաստանի նախագահը շնորհավորել և հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում:

 

 

Ընդգծելով Հայաստանի և Հունաստանի ավանդական բարեկամական հարաբերություններն ու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ երկու երկրները համագործակցությունն առավել խորացնելու մեծ ներուժ ունեն, և հույս հայտնել, որ իր գործունեության արդյունքում հայ-հունական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի՝ նպաստելով երկու եղբայրական ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը:

 

Դեսպանն ընդգծել է, որ հայ-հունական հարաբերությունները հիմնվում են ընդհանուր արժեքների, սկզբունքների և եղբայրական կապերի վրա, որոնք վեր են բոլոր տեսակի այլ շփումներից։

 

Միաժամանակ դեսպանը նշել է, որ իր գործունեության առանցքում լինելու է ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, այլ նաև մշակութային և գիտակրթական ոլորտներում առկա մեծ ներուժի կիրառումը։

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության շուրջ:

 

Նախագահ Կատերինա Սակելարոպուլուն հաջողություններ է մաղթել դեսպան Մկրտչյանին Հունաստանում դիվանագիտական առաքելության իրականացման գործում և հայտնել իր աջակցությունը այդ առաքելությանը:

Հունաստանի նախագահը նաև շնորհավորել է հունվարի 20-ին լրացող՝ Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում