Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը. Վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանը կցրվի

Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը. Վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանը կցրվի

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը: Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ, երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրում է՝ առաջնորդվելով տվյալ ընթացակարգով:

Մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ արդեն չի ընտրվել ՀՀ վարչապետ, եթե այսօր էլ ընտրությունը չկայանա, խորհրդարանն իրավունքի ուժով կցրվի:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում