Բարեկամ երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը խորանում է. ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է Վրաստանի դեսպանին

Բարեկամ երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը խորանում է. ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է Վրաստանի դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունիսի 7-ին ընդունել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ՔԿ նախագահը շնորհավորել է Գիորգի Շարվաշիձեին դեսպանի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա կողմից մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացումը կնպաստի երկու բարեկամ պետությունների բազմավեկտոր հարաբերությունների սերտացմանը։

«Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված ջերմ հարաբերությունները, որոնք հնարավորություն են տալիս արագ արձագանքելու միմյանց կողմից բարձրացվող խնդիրներին, առավել արդյունավետ դարձնելու հանցավորության դեմ պայքարում միջազգային-իրավական փոխգործակցությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շեշտել է, որ Վրաստանի հետ տնտեսական դինամիկ զարգացող կապերի, ուղևորափոխադրումների մեծ ծավալների պայմաններում անհրաժեշտություն է դարձել հատկապես մաքսանենգության, տնտեսական և անդրազգային բնույթ ունեցող հանցագործությունների բացահայտման նպատակով Վրաստանի նախաքննական մարմինների հետ գործընկերային սերտ հարաբերությունների կառուցումը։

Բացի այդ, խիստ օգտակար կարող է լինել նաև քննչական մարմինների միջև գործնական փորձառության փոխանակմանն ուղղված տարբեր ձևաչափերի քննարկումներին, տեղեկատվության փոխանակմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար։ Դեսպանը նշել է, որ բազմադարյա հարևան և բարեկամ երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը շարունակաբար խորանում է։ Նա շեշտել է, որ թեև ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում կան քննչական մի քանի ծառայություններ, որոնք գործում են տարբեր գերատեսչությունների կազմում, սակայն այդ հանգամանքը չպետք է կաշկանդի` զարգացնելու ըստ ոլորտների նախաքննական մարմինների անմիջական շփումը, իրականացնելու համատեղ նախաձեռնություններ։

Նշվում է, որ Գիորգի Շարվաշիձեն հավաստիացրել է, որ Հայաստանում Վրաստանի դեսպանատունը հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի այդ գործըթնացին։

Կողմերը պայմանավորվել են հաճախակիացնել աշխատանքային շփումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում