«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենց պահանջն է չեղարկել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, Հայաստանը ազատագրել Ադրբեջանի զինված ուժերի օկուպացիայից, ու, միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ և մասնակցել:
«Հայաստանի ու Հայ ազգի անվտանգությունն ապահովելը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը յուրաքանչյուր հայի համար ավելի կարևոր է և առաջնային, քան Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ընտրություն կազմակերպելն ու այդ ընտրությանը մասնակցելը: Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մշտապես կողմ է եղել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ համարելով, որ դա լավագույն միջոցներից մեկն է լինելու՝ լեգիտիմ ճանապարհով Հայաստանում ձևավորելու Ազգային - Քրիստոնյա իշխանություն: Հենց այդ նպատակով՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր 86 հոգանոց համամասնական անթերի ցուցակով, հայտ է ներկայացրել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և հաղթելու ու արդեն գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից»,-ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը կայացվել էր մեկ պայմանով, այն է՝ մինչև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, այսինքն՝ մինչև հունիսի 7-ը, Հայաստանի իշխանությունը մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի բանակի զինված հրոսակներին դուրս հանի Հայաստանի տարածքից:
Քանի որ դա տեղի չի ունեցել, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ չի մասնակցի ընտրություններին: Կուսակցության կարծիքով, հունիսի 20-ին տեղի ունենալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները չեն կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, քանզի Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ օկուպացված են, իսկ սա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները պարտադիր պետք է չեղարկել:
Կարծիքներ