Լիտվան 300 եվրո կվճարի այն միգրանտներին, ովքեր կհամաձայնեն վերադառնալ հայրենիք

Ասիական և աֆրիկյան երկրներից անօրինական միգրանտները, ովքեր Բելառուսից մտել են Լիտվա և համաձայնել վերադառնալ հայրենիք, Լիտվայի իշխանություններից կստանան 300 եվրո: Հայտնում է ТАСС-ը:
«Օդանավակայանում, նախքան ինքնաթիռ նստելը, այդ անձանց կտրվի միանվագ 300 եվրո կանխիկ գումար: Անօրինական միգրանտը կկարողանա օգտվել այս վճարից միայն մեկ անգամ»,- ասել է Լիտվայի ներքին գործերի նախարարությանը կից միգրացիոն վարչության տնօրեն Էվելինա Գուդզինկայտեն:
Նա ավելացրել է, որ եթե միգրանտը նորից ժամանի Լիտվա, նա այլևս չի կարողանա նպաստ ստանալու համար դիմել:
Մինչդեռ մոտ 300 անօրինական միգրանտներ՝ Իրաքի քաղաքացիներ, ցանկություն են հայտնել վերադառնալ հայրենիք: Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, գրում է LRT-ն:
Տարեսկզբից Լիտվա-Բելառուս սահմանին ավելի քան չորս հազար անօրինական միգրանտներ են ձերբակալվել: Սա 50 անգամ ավելի է, քան ամբողջ 2020 թվականին:
Լիտվայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել պետական մակարդակով՝ կապված միգրացիոն ներհոսքի հետ, որը կազմակերպում են Բելառուսի իշխանությունները:
Կարծիքներ