ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցը հանդիպել է Տիխանովսկայայի հետ
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը Լիտվայի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ, Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը հղումով գրում է barrons.com-ը։
«Պետքարտուղարի առաջին տեղակալը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ՝ քննարկելու հանրապետությունում տիրող իրավիճակը և այն, թե ինչպես քաղաքացիական հասարակությունը կարող է երկրում ամրապնդել ժողովրդավարությունը և մարդու իրավունքները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բիգենը նաև հաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև «երկրի ժողովրդի՝ սեփական առաջնորդներին ընտրելու և իրենց ապագան որոշելու ինքնիշխան իրավունքին»։
«Նա շատ տպավորիչ անձնավորություն է, և ես հասկանում եմ, թե ինչու է այդքան հայտնի իր երկրում»,- Տիխանովսկայայի հետ հանդիպման մասին ասել է Պետքարտուղարության աշխատակիցը։
Նշվում է, որ Լիտվա կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել է նաև երկրի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Լինաս Լինկյավիչուսի և Ռայմունդաս Կարոբլիսի հետ, որպեսզի նրանց հետ քննարկի Բելառուսի ճգնաժամը, «Ռուսաստանի և ՉԺՀ-ի կողմից սպառնալիքների դիմակայությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջխաղացումը»։
Հիշեցնենք, որ Տիխանովսկայան ներկա պահին գտնվում է Լիտվայում, ուր մեկնել էր օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո:
Բողոքի ցույցերը Մինսկում չեն դադարում 14 օր շարունակ: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է։
Կարծիքներ