Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են վերսկսել սահմանազատման աշխատանքները․ ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են վերսկսել սահմանազատման աշխատանքները․ ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Այս մասին այսօր «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն, հայեցակարգից իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ 

Ըստ նրա՝ «Երկու երկրների կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման աշխատանքները պետք է վերսկսվեն, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել։ Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովները։ Նիստ դեռևս տեղի չի ունեցել։ Երկու կողմն էլ որոշակի տնային աշխատանքներ են կատարում»։

 

Կոստանյանը նկատեց՝ սահամանազատման գործընթացի ակտիվացումը երկու կողմի համատեղ ընկալումն էր, որ այդ գործընթացը, որը շարունակվում է 30 տարվա ընթացքում, ի վերջո ավարտվի։

 

Նա հույս հայտնեց, որ առաջին նիստը չի ուշանա։

 

Դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզից տարածք է զիջվելու Վրաստանին, փոխնախարարը ընդգծեց՝ սահմանազատման գործընթաց է լինելու․ «Դրա տրամաբանությունը սա է` վերականգնել բոլոր հարևան երկրների հետ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը։ Մենք խոսում ենք համատեղ ենթակառուցվածքների ծրագրերի մասին, քաղաքական երկխոսության մասին, տարբեր քաղաքացիների միջև կապերը աշխուժացնելու մասին։ Էական էր նույնականացման քարտերով վճարում կատարելու համաձայնագիրը, ինչը թույլ է տալիս, թե՛ քաղաքացիներին, թե՛ բիզնեսին անխոչընդոտ ճանապարհորդել Հայաստան-Վրաստան ու հակառակ ուղղությամբ»։

 

Նրա խոսքով՝ այսօրվա միջոցառումը նույնպես կօգնի հարստացնել օրակարգը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում