Ընդդիմադիրների նախաձեռնած ԱԺ խորհրդի նիստը չի կայացել. ԱԺ նախագահը չի եկել

Ընդդիմադիրների նախաձեռնած ԱԺ խորհրդի նիստը չի կայացել. ԱԺ նախագահը չի եկել

ՀՀ ազգային ժողովի խորհրդի նիստը, որը նախաձեռնել էին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նպատակով, չի կայացել:  Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորները սա գնահատեցին անհարգալից վերաբերմունք ՝ ընդդիմության նկատմամբ:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասաց «ԱԺ խորհրդի նիստը, որը նշանակված էր 11-ին, չկայացավ, քանի որ առաջինը՝ ԱԺ նախագահը չեկավ ու չբացեց խորհրդի նիստը: Հիմա սա ես գնահատում եմ անհարգալից վերաբերմունք ՝ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների, ԱԺ 1/5-րդի նկատմամբ: ԱԺ նախագահը պարտավոր է խորհրդարանի բնականոն աշխատանքներն ապահովել և հենց հիմա չի ապահովում»,-ասաց Մարուքյանը:

Նրա կարծիքով՝ ԱԺ նախագահը կարող էր գալ, գոնե նիստը բացել, հայտարարել, որ քվորում չկա, քաղաքական որոշում ունեն և չեն ներկայանում: Մարուքյանի խոսքով՝ եթե ԱԺ նախագահը բացեր, նիստը, հայտարարեր, որ քվորում չկա, քվորումը 2 ժամվա ընթացքում բաց կլիներ, և եթե խորհրդի անդամները ներկայանային ու քվորում ապահովվեր, նիստը կարող էր կայանալ: Իսկ հիմա իրենց համար անհասկանալի է՝ չգիտեն, քվորումը բաց է, թե ոչ:

Մարուքյանը վստահեցրեց, որ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են նիստը, որ քաղաքական պրոցեսները փողոցից բերեն քաղաքական ինստիտուտ:

«Բարգավաճ Հայաստան»-ից Արման Աբովյանը ևս վստահեցրեց, որ ընդդիմադիր խմբակցություններն անում են Սահմանադրությամբ նախատեսված բոլոր քայլերը, որ գերլարված իրավիճակը, որ ստեղծվել է երկրում, բերեն ԱԺ: Նրա խոսքով՝ իրենց նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում պետք է քննարկեն ստեղծված իրավիճակը, նաև ռազմական դրության չեղարկման հարցը:

Ազգային ժողովի արտահերթ նիստ րավիրելու ընդդիմադիրների փորձը չէր հաջողվել նաև փետրվարի 25-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում