Անկախ Հայաստանի Օլիմպիական խաղերի բոլոր մեդալակիրները
Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 100 օր:
«Արմենպրես»-ն իր ընթերցողին է ներկայացնում անկախ Հայաստանի Օլիմպիական խաղերի բոլոր մեդալակիրներին:
1992 թվականին Բարսելոնայում կայացած ամառային Օլիմպիական խաղերում թեպետ Հայաստանն արդեն անկախ պետություն էր, սակայն հանդես եկավ «միասնական թիմով», որտեղ ընդգրկված էին նախկին ԽՍՀՄ պետություններից շատերը` Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուկրաինա, Ուզբեկստան ու Ադրբեջան:
Այդ խաղերում ոսկե մեդալակիրներ դարձան Մնացական Իսկանդարյանը (ըմբշամարտ), Հրաչյա Պետիկյանը (հրաձգություն), Իսրայել Միլիտոսյանը (ծանրամարտ): Նրանք, սակայն, պատմության մեջ չեն մնացել որպես անկախ Հայաստանի չեմպիոններ: Բարսելոնայի 25-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալ նվաճեց նաև Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը (ըմբշամարտ):
1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում Հայաստանն արդեն ներկայացված էր սեփական դրոշի ներքո: Եվ հենց այդ ժամանակ ըմբիշ Արմեն Նազարյանը դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն (Նազարյանը ևս մեկ ոսկե մեդալ նվաճեց 2000 թվականին, բայց արդեն Բուլղարիայի դրոշի ներքո): 26-րդ ամառային խաղերում արծաթե մեդալակիր է նաև Արմեն Մկրտչյանը (ըմբշամարտ):
2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց միայն մեկ մեդալ: Ծանրորդ Արսեն Մելիքյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
2004 թվականի Աթենքի Խաղերում 18 մասնակցով Հայաստանն այդպես էլ չմիացավ մեդալային պայքարին:
2008 թվականի Պեկինի ամառային Օլիմպիական խաղերում հայկական ընտրանին ստացավ «բրոնզե թիմ» անվանում: Հայաստանի ընտրանու կազմում բրոնզե մեդալակիր դարձան Ռոման Ամոյանը (ըմբշամարտ), Յուրի Պատրիկեևը (ըմբշամարտ), Հրաչիկ Ջավախյանը (բռնցքամարտ), Գևորգ Դավթյանը (ծանրամարտ): Եվ այժմ արծաթե մեդալակիր է Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը (ծանրամարտ):
Կարծիքներ