Հակընդդեմ կոչ-պահանջ Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերին. Ա. Բաբաջանյան

Հակընդդեմ կոչ-պահանջ Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերին. Ա. Բաբաջանյան

ՀԱԿԸՆԴԴԵՄ ԿՈՉ-ՊԱՀԱՆՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ

Հետպատերազմյան Արցախում ներքաղաքական համախոհությունը արցախյան երկրորդ պատերազմից հետո պատուհասած արհավիրքի հաղթահարման կարևորագույն նախադրյալ է։ Չափազանց կարևոր է նաև Ստեփանակերտի և Երևանի միջև ճշգրիտ, համաձայնեցված աշխատանքը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական շահի հետագա առաջմղումը։

Նախօրեին, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի գլխավորած Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցությունը հանդես է եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ժամ առաջ հասնելու՝ Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված կոչով։

Ընդդիմադիր Վիտալի Բալասանյանը Արցախի դեմ պատերազմին նախորդած ողջ ժամանակահատվածում բազմիցս քննադատել է Հայաստանի իշխանություններին: Արդի պայմաններում, սակայն, հաշվի առնելով թե՛ պատերազմում պարտության, թե՛ նոր ստատուս-քվոյի և թե՛ նոր իրավիճակում Արցախի ու Հայաստանի համար արտաքին գոյաբանական մարտահրավերները, քաղաքական այսօրինակ դիրքավորումները դառնում են կրկնակի զգայուն:

Ստեղծված նոր իրողությունները պահանջում են Հայաստան-Արցախ աշխատանքի և հարաբերության կոորդինացիա: Այն կոչը, որ արել է Արցախի «Արդարություն» կուսակցությունը, բացարձակապես հակասում է այդ տրամաբանությանն ստեղծված իրողությունների ոգուն, որովհետև այն առաջացնում է Հայաստան-Արցախ քաղաքական լարվածության նոր հիմքեր:

Վիտալի Բալասանյանն ու նրա կուսակցությունը կարող են ունենալ լրջագույն մտահոգություններ հետագա զարգացումների, Հայաստանի ու Արցախի անվտանգության հետագա ապահովման իմաստով։ Օբյեկտիվորեն այդպիսի մտահոգություն այսօր չունենալ հնարավոր չէ: Մեր համոզմամբ մտահոգությունների մասին կարելի է և պետք է բարձրաձայնել Հայաստանի իշխանության առաջ թեկուզ ամենախիստ շեշտադրումներով, սակայն ձեռնպահ մնալ հայտարարություններից, որոնք վերաբերում են Հայաստանի ներքաղաքական պայքարին և իշխանության խնդրին, ինչն առանց այդ էլ գտնվում է բավականին լարված և բարդ փուլում:

Մեզ հայտնի է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված այդ կոչի հայաստանյան որոշակի անձանց և երրորդ երկրի շահառուների շրջանակը։ Հայաստանում վարչապետի հրաժարական պահանջողների պակաս չկա, պահանջողները պահանջում են առանց Վիտալի Բալասանյանի էլ: Հայաստանյան քաղաքական ուժերին ուղղված այդ պահանջ-կոչը, մեր գնահատմամբ, ընդամենը, պարունակում է Հայաստան-Արցախ հարաբերությունների ներկա բարդ հանգրվանում հակասական զգացումներ բորբոքելուն:

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավատարիմ է մնում ՀՀ սահմանադրական կարգի, ինքնիշխանության, ժողովրդավարական արժեքների պաշտպանության հրամայականներին։ Կոչ ենք անում այսօրինակ կոչերի հետևում կանգնած բոլոր հայտնի հայաստանյան և ոչ հայաստանյան շրջանակներին ձեռնպահ մնալ հայոց պետականության քայքայումը խթանող գործընթացներ սանձազերծելուց, հրաժարվել իռացիոնալ զարգացումներ նախաձեռնելուց և դրանց մասնակցությունից։

Մեր հակընդդեմ կոչն է Արցախի և Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին՝ ներկա դժվարին փուլում համատեղել մեր բոլորի ջանքը հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն մեր միասնական և ամբողջական հայրենիքի վաղվա խաղաղ և բարօր օրվա։

Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության Ղեկավար մարմնի ներկայացուցիչ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում